Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Երբ ասում էին՝ սիրուն է Հայաստանը, ես հասկանում էի գետ, ծառեր, արմավենիներ...»

«Երբ ասում էին՝ սիրուն է Հայաստանը, ես հասկանում էի գետ, ծառեր, արմավենիներ...»
07.11.2008 | 00:00

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ
Հնդկուհի ՍՆՏՈՇԿՈՒՄԱՐԻ ԱՐՈՐԱՅԻ և ծնունդով թալինցի Էդվարդ Սասունի ամուսնությունը յուրատեսակ կամուրջ էր երկու դարավոր ազգերի միջև։ Հանդիպել են Լենինգրադում սովորելու տարիներին։ Հնդկուհու ծնողների համար հեշտ չի եղել համաձայնել այդ ամուսնությանը։ Աղջիկը տեղափոխվում էր մի ուրիշ, անծանոթ ու հեռու աշխարհ։
Սնտոշկումարի Արորան՝ տիկին Սանթոշը, հինգ երեխաների մայր է։ Մեծ դուստրը՝ Անին, ամուսնացած է, ազգային պատկերասրահում աշխատում է որպես ավագ գիտաշխատող։ Ռաջնին, Հայկը և Անահիտը ԵՊՀ-ի ուսանողներ են։ Դավիթը սովորում է 8-րդ դասարանում։ Նպատակ ունի դառնալ զինվորական։
Սնտոշկումարի Արորան հնդկերեն լեզու և գրականություն է դասավանդում ԵՊՀ-ում և Հ. Աճառյանի անվան համալսարանում։ Զբաղվում է հնդկական ավանդական բժշկությամբ (յուղերով մերսում-աբիանգա)։ ՈՒնի «ռեիկի»-ի մագիստրոսի կոչում։ UPF-ի կողմից արժանացել է «Խաղաղության դեսպան» տիտղոսի։
-Ձեր աչքերով ինչպիսի՞ն է Հայաստանը։
-Երբ ասում էին՝ սիրուն է Հայաստանը, ես հասկանում էի գետ, ծառեր, արմավենիներ... Գալով Հայաստան՝ առաջինն այցելեցինք Թալին։ Նայում եմ շուրջս՝ քարեր են, ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Սակայն չորս ամիս անց, երբ թողեցինք Թալինը, ես արդեն սիրում էի այդ քարերը, որ բնորոշում են հայ մարդու ամրությունը, կամքը, համառությունը։ Այս մարդիկ երբեք չթողեցին, որ ես ինձ օտար զգամ։ Սիրով ու ջերմությամբ էին շրջապատել ինձ Էդվարդի ծնողները, հարազատները։ Եվ, առհասարակ, ջերմությունն ու սրտացավությունը, ընկածի կողքով անտարբեր չանցնելը բնորոշ է այս ազգին։ Ես ապրում եմ վստահ ու հանգիստ, գիտեմ, որ եթե դժվարության մեջ լինեմ, անպայման կլինի մեկը, որ կթակի իմ դուռը։
-Իսկ տխրության, հիասթափության պահերին այդ քարերն անտանելի չե՞ն թվում, փախչելու ցանկություն չե՞ք ունենում։
-Ես ինձ համարում եմ Հայաստանի մի մասնիկը։ Թողնել-գնալը դավաճանություն կլինի։ Կգնամ այն ժամանակ, երբ կզգամ, որ ոչ ոք իմ կարիքը չունի այս երկրում։
-Շա՞տ են տարբեր հայ և հնդիկ կանայք իրենց նիստուկացով, կենցաղով։
-Տարբե՞ր։ Ես կասեի՝ նման. լավ մայրեր են, հեզ են, աշխատասեր, ավանդապաշտ։
-Ա՛յ, հենց ավանդույթները տարբեր չե՞ն, արդյոք։
-Դարձյալ նմանությունն է շատ՝ հարգանքը մեծի նկատմամբ, նվիրումն ընտանիքին։ Գուցե տարբերվում են նրանով, որ հնդիկ կանայք պահածոներ չեն պատրաստում և սիրում են զբաղվել իրենցով, գեղեցկության սրահներ այցելել։ Հնդկաստանում ես զգում եմ, որ ինչ-որ բան կորցնում եմ։ Երևի ձեռքերիս ծանրոցները (ծիծաղում է- Ա. Ս.)։ Ընդհանրապես, հայ կինը սիրում է զոհել իրեն. ամեն բան անում է երեխաների համար, թեև լավ չէ, երբ ինքդ քեզ մոռանում ես։ Բայց ի՞նչ կարող ես անել։ Այդպիսին են նրանք։ Ես խոնարհվում եմ հայ կնոջ առաջ։ Ոչ մի ուրիշ կնոջ մեջ չես գտնի հոգեկան այնպիսի ամրություն, այնպիսի ներուժ, ինչպիսին ունի հայ կինը։
-Իսկ խնդիրներ չե՞ք ունեցել՝ կապված կրոնի հետ։ Տարբեր դավանանքի տեր մարդիկ միշտ չէ, որ հասկանում են իրար։
-Մեր կրոնը թույլ է տալիս դավանափոխություն՝ ամուսնությունից հետո։ Ես քրիստոնեություն ընդունեցի, որպեսզի կարողանայինք մկրտել աղջկաս։ Սակայն երբ ծանոթացա Աստվածաշնչին, ընդունեցի այն ի սրտե։ Իմ երեխաներն էլ Աստվածաշունչ են կարդում։ Եվ կարծում եմ, որ պետք է հզոր լինի ոչ թե կրոնը, որ մարդիկ են ստեղծել, այլ հավատքը։
-Կարոտախտին ինչպե՞ս եք դիմանում։
-Ես հաճախ մոռանում եմ, որ հնդկուհի եմ։ Հայ ժողովուրդն ինձ այնպիսի սիրով է շրջապատել, ես այնքան զբաղմունք ունեմ, որ ժամանակ չունեմ կարոտելու։
-Այնուամենայնիվ, Հնդկաստանը՝ որպես հայրենիք...
-Էներգիայի աղբյուր է։
-Ձեր երեխաներն իրենց հա՞յ են համարում, թե՞ կիսով չափ հայ, կիսով չափ հնդիկ։
-Նրանք իրենց թունդ սասունցի են համարում։
-Չե՞ք խանդում։
-Հնդկաստանը մեկ միլիարդից ավելի ժողովուրդ ունի, եթե Հայաստանում մի քանի հայ ավելի լինի, կարծում եմ, վատ չէ։
-Տարբերվո՞ւմ են նրանք։
-Թեև իրենք չեն խոստովանում, բայց, ուզեն թե չուզեն, գենետիկորեն հնդկական մշակույթի կրողն են։ Սիրում են այցելել Հնդկաստան, լավ գիտեն հնդկական մշակույթը, հնդկական պարերը։
-Մի առիթով ասացիք, որ ամուսնությունը մեծագույն հրաշք է, դա, ասես, մի նոր եկեղեցու կառուցում լինի։
-Ոչինչ չի փոխվել։ Հիմա էլ եմ նույնը ասում։ Ցանկացած ընտանիք երբ փլուզվում է, մի տաճար է քանդվում։ Տաճարը քանդողները Աստծո կողմից անպատիժ չեն մնում։
-Ապագայից ի՞նչ եք ուզում։
-Թող ջուրը հոսի Աստծո գծած ճանապարհով։
-Ի՞նչ եք սիրում, և ի՞նչն է, որ անընդունելի, անտանելի է Ձեզ համար այս կյանքում։
-Սիրում եմ բնությունից դասեր քաղել։ Արևը ջերմացնում է բոլորին, ծառերը պաշտպանում են տապից և՛ լավին, և՛ վատին։ Եթե մարդիկ էլ այդպիսին լինեն, վատին հատուցեն լավով, գուցե գա ժամանակ, որ էլ չլինի վատը։ Չեմ սիրում, երբ մարդիկ էգոիստաբար դիմացինին ցավ են պատճառում։ Ինձ համար մարդու սիրտը ցավեցնելն ու սպանելը հավասարազոր բաներ են։
-«Խաղաղության դեսպան» եք։ Ձեր վերաբերմունքը մարտիմեկյան դեպքերի, քաղաքական իրավիճակի առնչությամբ։
-Քաղաքական մակարդակը բավականին բարձր է։ Եթե դրան գումարվեր հոգևոր մակարդակը, նման բան չէր լինի։ Կարևոր քայլ եմ համարում Գյուլին Հայաստան հրավիրելը։ Ժողովուրդների միջև ատելությունը պետք է վերանա։ Երբ ինչ-որ բան այն չէ, դա ձեռնտու է մի քանիսին։ Բոլոր երկրներում էլ մարդիկ լավն են, բոլոր երկրների մայրերն էլ խաղաղություն են ուզում։ Հարցերը պետք է լուծել խաղաղությամբ ու գիտելիքով, ոչ թե արյուն հեղելով։
-Ի՞նչ կասեիք մեր ժողովրդին։
-Սիրեք միմյանց, հասկացեք, ներեք, օգնեք։ Անցյալը հնարավոր չէ փոխել, ապագան անհայտ է։ Երջանիկ եղեք հիմա, հենց այս պահին։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4744

Մեկնաբանություններ